ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոն

Հիմնադրվել է 2011թ.-ին:
Բժշկական գենետիկայի ամբիոնի կայացման հիմքում ընկած է նրա պրոֆեսորադասախոսական անձնակազմի երկար տարիների դասախոսական գործունեությունը ընդհանուր գենետիկայի, մարդու և բժշկական գենետիկայի, իմունոգենետիկայի և պոպուլյացիոն գենետիկայի ուղղություններով:
ԵՊԲՀ-ում բժշկական գենետիկա առարկայի ուսուցման պատմությունը սկսվել է 1999թ.-ից, երբ այն որպես ուսումնական կուրս ընդգրկվել է ընտանեկան բժշկության ամբիոնի ուսումնական ծրագրերում:
Բժշկական գենետիկայի ամբիոնի դասավանդման և գիտակրթական ծրագրերի հիմքում դրված են Եվրոպական խորհրդի կողմից մշակված համաեվրոպական կրթական և մասնագետների վերապատրաստման ծրագրերը։
Բժշկական գենետիկա առարկան (1,5 կրեդիտ) ներկայումս դասավանդվում է համալսարանի չորրորդ և յոթերորդ կուրսի ուսանողներին՝ դասախոսությունների, սեմինարի և գործնական պարապմունքների ձևով` երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն և անգլերեն): Բժշկական գենետիկա առարկայի ուսուցումը, որը ուղղված է բժշկության տարբեր ոլորտներում գենետիկայի պրակտիկ կիրառմանը, ընդգրկում է հետևյալ բաժինները`
  • ժառանգականության սկզբունքներ,
  • մարդու գենոմիկա,
  • բջջագենետիկա
  • մոլեկուլային-գենետիկական, բջջագենետիկական և գենոմային ախտորոշում,
  • դիսմորֆոլոգիա
  • քաղցկեղի գենետիկա,
  • նյութափոխանակության բնածին արատներ,
  • նյարդամկանային ժառանգական հիվանդություններ,
  • ժառանգական աուտոբորբոքային հիվանդություններ,
  • նախածննդյան և հետծննդյան գենետիկական սկրինինգ,
  • ֆարմակոգենետիկա և
  • գենետիկական խորհրդատվություն: